Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«Պոեզիան լույս է, որ այսօր շատ է անհրաժեշտ»

«Պոեզիան լույս է, որ այսօր շատ է անհրաժեշտ»
11.10.2013 | 11:56

Մարդիկ կան, որոնց էությունը չի ամփոփվում տարվա մեկ եղանակով. գարնան հետ գարուն են, աշնան հետ՝ աշուն, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ մանուկ։ Ավելին, նման մարդիկ տարվա իրենց եղանակն են ստեղծում, այսինքն, աշխարհում՝ իրենց աշխարհը, որ շատ զգայուն է, անհատական։ Նրանք, որպես կանոն, նախախնամությամբ սահմանված արվեստի ճանապարհն են ընտրում։ ՄԱՆՈՒՇԱԿ ՇԻՐԻՆՅԱՆՆ էլ ընտրել և անցնում է այդ ճանապարհը իր փխրուն և հոգիներ շոյող ասմունքով։
Ասմունքել սկսել է, երբ դեռ շատ փոքր էր, ինչպես ասում են, թոթով լեզվով։ Հետո այդ թոթովանքը պոեզիայի խոհուն և սիրառատ ակունքներից կոկվեց, սրտաբուխ ասմունք դարձավ ու բեմ բարձրացավ։ Եվ պատահական չէր Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում բարձրագույն կրթություն ստանալու որոշումը։ ՈՒսումն ավարտելուց հետո էլ Մանուշակ Շիրինյանն աշխատել և աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում։ Տարիների ընթացքում այս բնագավառի հանդեպ ունեցած սերը ոչ միայն չի մարել, այլև նոր մտահղացումներ է կյանքի կոչել։
Առհասարակ պոետիկ զգացողություններով լի էությունը միշտ էլ ինքնարտահայտման ուղիներ է փնտրում: Մանուշակ Շիրինյանի պարագայում տարիներ առաջ այդ զգացողություններն ամփոփվեցին «Հուշերի արահետներով» գրքում (լույս է տեսել 2010-ին), որը գտավ իր ընթերցողին, գնահատվեց, գրախոսվեց, և արձագանքները (նաև արտերկրից) չուշացան։ Իսկ արվեստով ապրող մարդու զգացողությունները մշտակա են, կենդանի են ամենուր և միշտ են դրսևորվում, հետևաբար միայն գրքի հրատարակմամբ չավարտվեցին։
Վերջերս Մանուշակ Շիրինյանի ասմունքը հնչեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմից։ Առաջին հեղինակային երեկոն էր։ Ծափերի տեղատարափ էր, սրտամոտ էր ասմունքողի անկեղծ և մեղմահունչ ձայնը։ Ծրագրում ոչ միայն դասականներ էին (Իսահակյան, Սարմեն, Սահյան, Շիրազ, Սևակ), այլև ժամանակակից ստեղծագործողներ (Ա. Նագաշյան, Ա. Համբարձումյան…)։
Ինչպես Շիրինյանն է ասում, ասմունքը դարձել է իր էության անքակտելի մասը, կենսակերպը, քանի որ «սեր է, մաքրամաքուր և անծայրածիր սեր», իսկ առանց սիրո հնարավոր չէ ապրել։
«Պոեզիան լույս է, որ այսօր, ներքին խաղաղությունը վերագտնելու համար, շա՜տ է անհրաժեշտ»,- վստահ է Մանուշակ Շիրինյանը։
Նրա համոզմամբ՝ մարդուն բարությունն ու ուշադրությունը միշտ են պետք. գեղեցիկը չէ, որ փրկելու է աշխարհը, աշխարհի լինելությունը բարու և ուշադրության մեջ է։
Եվ իրապես, բարություն, ուշադրություն, սեր, նվիրում, ինչը, անտարակույս, արտահայտում է Մանուշակ Շիրինյանն իր ասմունքով։


Արմինե ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ